Այսօր Մարդու իրավունքերի Եվրոպական դատարանը Մոսկվայում միասեռականների շքերթի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեևի օգտին է որոշում կայացրել: Այս մասին ասված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքում:
Դատավորներն ընդունել են, որ ռուսաստանյան իշխանությունները Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի միանգամից երեք սկզբունք են խախտել, այդ թվում` «Հավաքներ անցկացնելու իրավունքը», «Իրավական պաշտպանության իրավունքը» և «Խտրականության արգելումը», գրում է kasparov.ru-ն:
Որպես բարոյական վնասի փոխհատուցում` Ալեքսեևը 12 հազար եվրո գումար է ստանալու, ևս 17,510 եվրո նախատեսվում է դատական ծախսերի համար:
«Մենք ցնծության մեջ ենք, քանի որ դատական որոշումը կրկնել է մեր փաստերը և ընդունել է մեր ճշմարտացիությունը»,- հայտարարել է Նիկոլայ Ալեքսեևը:
Նա խոստացել է որպես փոխհատուցում ստացած գումարն օգտագործել 2011 թվականին միասեռականների ցնցող շքերթի կազմակերպման վրա:
Միասեռականների շքերթի կազմակերպիչն ասել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո Ռուսաստանում պետք է կամ «Հավաքների մասին» օրենքը փոխել, կամ Քաղաքացիական կոդեքսը:
Նշենք, որ 2006-2008 թվականներին Ալեքսեևը վիճարկում էր միասեռականների շքերթ իրականացնելու արգելքը: Կազմակերպիչներին երբևէ չի հաջողվել համաձայնության գալ քաղաքային իշխանությունների հետ: Իսկ նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտարարել էր, որ երբևէ չի թույլատրի նման միջոցառում անցկացնել, քանի դեռ իշխանությունը նրա ձեռքին է:
Ալեքսեևը նաև հույս է հայտնել, որ նոր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կհետևի օրենքին: