Մինչև հիմա քննչական ծառայության կողմից դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննության որևէ արդյունք չի ներկայացվել, իսկ եթե կան արդյունքները և չեն հրապարակվում, ապա դա արդեն օրենքի խախտում է:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` խոսելով Կամո Այվազյանի գործի մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը Մարտունու շրջանի զորամասերից մեկում հրազենով սպանել էր 5 զինծառայողի և ինքնասպան եղել:
«Ըստ կարգի` 24-27 օրվա ընթացքում պետք է ներկայացվեին նշածս երեք հետազոտությունների արդյունքները, սակայն մինչ այսօր ներկայացվել է միայն մի հետազոտության արդյունք, ըստ որի սպանված 6 զինվորներն էլ ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Սա խիստ տարակուսանք է առաջացնում»,- ասել է իրավապաշտպանը:
Նրա խոսքով` գործով քննիչը իրավահաջորդին` Կարո Այվազյանի պապիկին, հայտնել է միայն, որ այժմ փորձում են պարզել, թե որտեղից են նրանք ձեռք բերել ալկոհոլային խմիչքը:
«Ես չգիտեմ, չեմ կարող հասկանալ, թե դա գործի բացահայտմանն ինչ կտա»,- նշել է Սաքունցն ու ավե;ացրել, որ իրենց տվյալներով` մի անգամ այդ քննիչը գնացել է Մարտունու այդ զորամասը, ինչ-որ հետաքննություն արել:
«Ես կարծում եմ, որ այս կանխամտածված դանդաղկոտությունն արվում է նրա համար, որ մտածեն, թե ինչպես գործը նոր հունով տանեն, կարողանան հնարավորինս կոծկել գործի մանրամասները»,- Epress.am-ին ասել է Սաքունցը:
Նա նշել է, որ նման դանդաղկոտության պայմաններում իրենք կմիջամտեն գործին:
«Շուտով իրավաբան կներգրավենք գործին, ինչպես նաև այլ հասարակական և իրավաբանական գործոններ կներգրավվեն: Եվ կարծում եմ` որոշ ժամանակ հետո համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»,- իր խոսքը եզրափակել է իրավապաշտպանը: