Երևան քաղաքի Կոմիտասի անվան այգում (Պանթեոն) կառուցվող Դելֆինարիումի կապակցությամբ «Ժառանգություն» խմբակցությունը հոկտեմբերի 22-ին պաշտոնական հարցումեր է ուղարկել Երևանի քաղաքապետին, ՀՀ մշակույթի և բնապահպանության նախարարներին:
«Ժառանգություն» խմբակցությունը Երևանի քաղաքապետից խնդրել է տրամադրել Դելֆինարիում կառուցելու համար քաղաքապետարանի կողմից տրված թույլտվության համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի պատճեներն ու հիմնավորումները:
Ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից խնդրել է հայտնել, թե`
1) ո՞րն է Կառավարության և մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարության դիրքորոշումը խնդրո առնչությամբ,
2) արդյո՞ք բնապահպանական նկատառումներով թույլատրելի է այդպիսի հաստատության կառուցումը ոչ միայն նման այգում, այլև մի գոտում, որն ըստ էության սանիտարական է, քանի որ գտնվում է բնակելի տարածքի և գերազմանոցի միջև:
ՀՀ մշակույթի նախարարին ուղղվել են երեք հարցեր.
1) ո՞րն է Կառավարության և մասնավորապես` ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումը խնդրո առնչությամբ,
2) արդյո՞ք հոգևոր-մշակութային նկատառումներով թույլատրելի է այդպիսի հաստատության կառուցումը նման այգում, որտեղ ամփոփված են հայ ժողովրդի մեծանուն զավակների աճյունները,
3) մի՞թե հայ ժողովուրդն այլևս նման տաղանդաշատ զավակներ չի տալու, իսկ Պանթեոնն էլ ապագայում ընդլայնման կարիք չի ունենալու:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են 10-օրյա ժամկետում գրավոր պատասխանել պատգամավորների գրություններին: