Home / Հայաստան / ԱԺ-ի վերանորոգված դահլիճը տպավորել է Սերժ Սարգսյանին

ԱԺ-ի վերանորոգված դահլիճը տպավորել է Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Ազգային ժողովի նիստերի վերակառուցված դահլիճի պաշտոնական բացման արարողությանը:

«Առաջին իսկ հայացքից տպավորված եմ արդյունքով: Իրոք, մենք ստացել ենք շատ ժամանակակից և աշխատելու համար հարմարավետ դահլիճ: Իսկապես, մեծ աշխատանք է կատարվել, և այդ աշխատանքի արդյունքն ակնհայտ է», – ասել է Սերժ Սարգսյանը:

«Հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսուհետ իր նիստերը կանցկացնի այս նոր դահլիճում, որը վերակառուցվել է` հաշվի առնելով տարբեր երկրների օրինակը:

Յուրաքանչյուր խորհրդարան կոչված է ներկայացնելու իր ժողովրդի կամքը, ընտրողների բոլոր շերտերը, նրանց շահերը, հույսերն ու իղձերը: Ընտրելով մեր հասարակական և քաղաքական կյանքի կազմակերպման ժողովրդավարական ճանապարհը ` մենք ևս որդեգրել ենք հայտնի չափանիշներով առաջ շարժվելու ուղին: Անչափ կարևորում եմ Հայաստանի ժողովրդի խորապես մտածված և կշռադատված այդ ընտրությունը:

Այս ճանապարհին շատ բան արդեն արել ենք, սակայն դեռևս ավելի շատ բան ունենք անելու: Ավելին ասեմ` այս ոլորտում մեր աշխատանքը երբեք չպետք է դադարի: Այն մշտապես պետք է հետապնդի համակարգի կատարելագործման և դրա անխափան աշխատանքն ապահովելու նպատակը:

Խորհրդարանն ունի ոչ միայն օրենսդիր առաքելություն, այլև կարևորագույն դերակատարում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման գործում:

Այս առումով, ուզում եմ նաև գոհունակությամբ արձանագրել, որ խորհրդարանը Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում գործադրի հետ կիսեց երկիրը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս բերելու լուծը, վերցրեց և կրեց պատասխանատվության իր բաժինը…

Մեր ժողովրդի ստեղծագործական ձիրքն ու տաղանդը դրսևորվել են մայրաքաղաքի այս հիասքանչ կառույցում` խորհրդարանի շենքում, որը քսաներորդ դարի հայ ճարտարապետության լավագույն ձեռքբերումների արտացոլումն է: Այսօր մենք միասին պաշտոնապես բացում ենք նիստերի նոր վերակառուցված սրահը, որն իր գեղեցկությամբ իսկապես հարիր է այս ամբողջ համալիրին, այս չքնաղ շենքին: Վստահ եմ, որ այստեղ երբեք չեն դադարելու մեր պետականության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը: Հաջողություն եմ մաղթում մեզ և կրկին շնորհավորում վերակառուցված դահլիճի բացման կապակցությամբ», – ասել է ՀՀ նախագահը: