Home / Армения / ԱՄՆ-ը կարող է ընդունել Հայոց Ցեղասպանության բանաձևը մինչև տարվա վերջ

ԱՄՆ-ը կարող է ընդունել Հայոց Ցեղասպանության բանաձևը մինչև տարվա վերջ

Տեսակետների բախման հետևանքով` Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները Թուրքիային զգուշացրել են, որ կարող են չխոչընդոտել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, գրում է Hürriyet Daily-ն:

Թուրքական կողմի հետ զրույցների ընթացքում` ամերիկացի պաշտոնյաները զգուշացրել են, որ Իրանի հարցում Անկարայի վարած քաղաքականությունը, Իսրայելի նկատմամբ ճնշումներն ու ՆԱՏՕ-ի հակաականային համակարգի վերաբերյալ դիրքորոշումը որոշիչ կլինեն թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար: Սա նաև ցույց տա, թե ինչպես է Թուրքիան պատկերացնում իր հետագա քայլերը: Քանի դեռ այս երեք կետերում առաջընթաց չի գրանցվել, Վաշինգթոնն իր դիվանագիտական ալիքներով հստակ հասկացնում է Թուրքիային, որ Հայոց Ցեղասպանության բանաձևը, հավանական է, կընդունվի մինչև ընթացիկ տարվա վերջ, գրում է հոդվածագիրը:

«Այն ընկալումը, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները աշխատում են հակառակ նպատակների համար, դժվարեցնում է համագործակցությունը», -ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:

Վաշինգթոնն այն կարծիքին է, որ ՆԱՏՕ-ի հակաականային համակարգը Իրանի հարձակումների դեմ պաշտպանական միջոց է, այնինչ Անկարան մտահոգված է, որ Թուրքիայում դրանց տեղակայումը կարող է վնասել  հարևան պետության հետ ձևավորած հարաբերություններին:  Թուրքիան հայտարարել է, որ այն չի ցանկանում, որ այս համակարգը տարաձայնություն առաջացնի հարևան պետությունների հետ:

Գորդոնի խոսքով` իրադարձությունների նման զարգացումը խորացրել է այն մտահոգությունը, թե թուրքական քաղաքականությունը փորձում է դուրս գալ Արևմուտքի ազդեցությունից, ինչպես նաև ենթադրում է, որ ԱՄՆ Կոնգրեսն ավելի շատ է անդրադառնալու Թուրքիային վերաբերող հարցերին: