Ռուսական ԶԼՄ-երը պարզել են, որ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը, ով հայտնի է Դեդ Հասան կեղծանունով, կապված է հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված 46-ամյա «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզո) հետ: Պզոն Դեդ Հասանի «ամենամոտ գործընկերն» է և Լոս Անջելոսի «նայողը»:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների` Արմեն Ղազարյանը նշանակալի «ավանդ» է ունեցել Ռուսաստանի քրեական պատմության մեջ: 1991 թվականին Դոնի Ռոստովում` հանգուցյալ «օրենքով գող» Բարսեղովի (Կիրպիչ) երաշխավորությամբ, Ղազարյանը «օրենքով գողի» կոչում է ստացել: Այդ միջոցառմանը ներկա են եղել «օրենքով գող» Դեմուրովը (Արտյուշան), ինչպես նաև քրեական հեղինակություն Իշխան Սարգսյանը, ով 1995 թվականին սպանվել է Մոսկվայի կենտրոնում:
1990-ականներին Ղազարյանի խմբավորումը բաղկացած էր ավելի քան 20 հոգուց, որոնք զբաղվում էին ապօրինի գործունեությամբ, այդ թվում` հրազենի, թանկարժեք քարերի, թմրանյութի ապօրինի առք ու վաճառքով, մարդկանց առևանգումով և հարձակումներով: Պզոն դաշնակիցներ ունի նաև բարձրաստիճան պաշտոնյաների և Ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության շրջանում, իսկ նրա ընկերների թվում կան համալսարանի պրոֆեսորներ ու էստրադայի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ղազարյանը պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակի հարսանիքին և նրան թանկարժեք նվերներ է մատուցել: Որոշ հրապարակումներ վկայում են նաև գործող նախագահի հետ նրա ունեցած կապի մասին:
1993 թվականին Մոսկվայում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել էին «օրենքով գողեր» Աբոն և Լյովան, իսկ Ղազարյանն ու նրա խմբավորման անդամները ձերբակալվել էին թալանելու նպատակով հարձակում իրականացնելու կասկածանքով: Ավելի ուշ Ղազարյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել:
1998-ին Ղազարյանը ձերբակալվել էր Ռոստովի շրջանի գործարար Հակոբյանի առևանգման կասկածանքով:
1999 թվականին Երևանում տեղի ունեցած հրազենային միջադեպի պատճառով Ղազարյանին ձերբակալել էին Էրեբունու շրջանային ոստիկանության ներկայացուցիչները, սակայն շուտով նա ազատ է արձակվել: Օպերատիվ մարմինների տվյալները վկայում են, որ ազատվելու համար Ղազարյանը 150 հազար դոլար էր վճարել: Գործին միջամտել էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ որոշ տվյալների` Ղազարյանի հարցով զբաղվում էր նաև ՀՀ նախագահի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում:
2010 թվականին Ղազարյանը նորից ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվեց: Այս անգամ խոսքը վերաբերում է քրեական հեղինակություն Մելքոնյանի սպանության գործին, որը տեղի էր ունեցել Երևանում: Հետաքննության տվյալներով` սպանությունն իրականացրել է ոմն Սահակյանը` Պզոյի հրահանգով: Այժմ Սահակյանը դաշնային հետախուզման մեջ է:
1990 թվականի վերջին Պզոն ստիպված էր լքել Ռուսաստանը և բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում, քանի որ մի քանի միլիոն դոլարի չափով «գցել» էր Դաղստանի քրեական հեղինակություններին: Ամերիկյան վիզա ստանալիս Ղազարյանը դեսպանատան աշխատակցին պատմել էր, թե ինչպես իր աչքերի առաջ «հանցագործները այրել էին իր հորը» և այժմ սպառնում էին իրեն, այնինչ այդ ժամանակ նրա ծնողներն ապրում էին Մոսկվայում:
Միացյալ Նահանգներում «փախստական» Ղազարյանը անշարժ գույք է ձեռք բերել, խաղատան սեփականատեր է դարձել և տարին մի քանի անգամ Երևան, Մոսկվա և Պիտեր է եկել: Հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքով` Ղազարյանը Լոս Անջելեսում Դեդ Հասանի մարդն էր, «նայողն էր» և մեծ մասնաբաժին էր ներդնում «գողական օբշյակում»: