Երեկ երեկոյան գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը դադարեցրել է հացադուլը, որով պահանջում էր ապամոնտաժել Երևանի Կոմիտասի այգում կառուցվող Դելֆինարիումի շենքը և բարեկարգել այգին, որտեղ գտվում է Պանթեոնը:
Epress.am-ի հետ զրույցում Վահրամ Թաթիկյանն ասել է, որ իր պահանջները կատարված են` նշելով, որ առանց կոմպրոմիսի հնարավոր չէր:
«Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շուրթերով Հանրապետության նախագահը հայտնել է ինձ, որ իմ պահանջները բավարարված են և իմ պրոյեկտի համաձայն ու մշակույթի նախարարության աջակցությամբ սկսվելու են այգու բարեկարգման աշխատանքները»,- պատմել է Վահրամ Թաթիկյանը:
Մեր այն հարցին, թե ապամոնտաժվե՞լ է արդյոք դելֆինարիումը, նախկին հացադուլավորը պատասխանել է.
«Երեկ գիշերը եկան քաղաքապետարանի 2 աշխատակիցներ, մի քանի հսկայական բեռնատար մեքենաներ, 20 բանվորներ և ժամանակավորապես պարսպապատեցին դելֆինարիումը և այն առանձնացվեց այգուց: Ես դելֆինարիումի դեմ հացադուլ չէի անում, ես անում էի նրա համար, որ չխախտվի տարածքի հոգևոր մթնոլորտը և այգին վերականգնվի»:
Նա նաև հավելել է, որ դադարեցվել է այգու տարածքի սեփականաշնորհումը և, իր խոսքերով, փաստորեն այգին վերադարձվել է ժողովրդին: