«Ժառանգության» առաջարկություններից մեկը` կապված Ընտրական օրենսգրքի հետ, վերաբերում է թափանցիկությանը, այսինքն` ընտրություններից հետո ընտրողների ստորագրությամբ ընտրամատյաններն անմիջապես պետք է փակցվեն տեղամասերում, և դրանց պատճենը տրվի կուսակցությունների ներկայացուցիչներին, եթե պահանջում են: Այդ մասին հայտնեց «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն իր հանրապետական գործընկերոջ` Ռաֆիկ Պետրոսյանի հետ Ընտրական օրենսգիրքի շուրջ բանավիճելիս:
Հակոբյանի խոսքով` վերջին 20 տարիների ընթացքում մի աքսիոմատիկ ճշմարտություն է գործում. «Եթե իշխանությունները չունեն քաղաքական կամք` անցկացնելու ազատ և թափանցիկ ընտրություններ, լավագույն օրենսգիրքն էլ չի կարող նպաստել դրան»:
«Ստորագրություններով այդ ցուցակները չեն հրապարակվում, բայց անհրաժեշտության դեպքում, եթե որևէ մեկը գտնվում է, որ կատարվել է կեղծիք, ապա նա դիմում է դատարան», – պատասխանեց Ռաֆիկ Պետրոսյանը:
Հանրապետականի կարծիքով` ցուցակը փակցնելը կարող է շատ վտանգավոր հետևանքների բերել: «Եթե այդ ցուցակը ստորագրված կախում ես, մինչև դատարան հասնելը կարող են տեղի ունենալ բազմաթիվ վտանգավոր դեպքեր»:
Հակոբյանը խնդրեց իր ընդդիմախոսին նշել վերջին գումարման ժամանակ ԱԺ մուտք գործած պատգամավորներից գոնե երեքի անունները, որոնց կարելի է «որպես օրինակ ներկայացնել թոռներին»:
«Ռաֆիկ Պետրոսյան», – պատասխանեց Ռաֆիկ Պետրոսյանը: «Հումորը մի կողմ, մենք պետք է ազնիվ լինենք միմյանց նկատմամբ», – ասաց Հակոբյանը` նշելով, որ այսօր Ազգային Ժողովի մեծամասնական ընտրատարածքները հանցագործության բուն են հանդիսանում ընտրությունների ժամանակ: «Այդ ընտրատարածքներում պատգամավորները ունակ են ամեն ինչի: Իշխանությունը դրանցից չի հրաժարվում, որովհետև իշխանությունը, որպեսզի վերարտադրվի, զգում է այդ մարդկանց անհրաժեշտությունը»: