Ս/թ հոկտեմբերի 6-10-ը Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցավ Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցել են աշխարհի 100-ից ավելի երկրների գրահրատարակչական և գրավաճառ ընկերություններ: Ֆրակնկֆուրտյան ցուցահանդեսի այս տարվա ընդհանուր մասնակիցների թիվը կազմել է 7000, իսկ ցուցահանդես-տոնավաճառի պատվավոր հյուր է հանդես եկել Արգենտինան:
Հայաստանը Մայնի Ֆրանկֆուրտի ցուցահանդեսին ներկայացվել է վերջին երկու տարվա գրահրատարակչական արտադրանքի լավագույն նմուշներով:
Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներ, ինչպես նաև «Էդիթ պրինթ», «Անտարես», «Զանգակ-97», «Անկյունաքար», «Կոմիտաս» հրատարակչությունների տնօրեններ ու աշխատակիցներ: Հայաստանի տաղավարը ձևավորված էր հայ տպագրության 500-ամյակը և 2012 թ. Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակվելը խորհրդանշող պաստառներով:
Տաղավարում ցուցադրվել են հայերեն և տարբեր օտար լեզուներով ալբոմային, հանրագիտարանային, գիտահանրամատչելի, մշակութային ժառանգությունն արտացոլող, հասարակական-քաղաքական, մանկական, գեղարվեստական, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Ցեղասպանությանը նվիրված գրքեր, քարտեզներ և այլ նյութեր:
Հոկտեմբերի 9-ին կայացել է հայկական տաղավարի շնորհանդեսը, որին մասնակցել են տարբեր երկրների հրատարակիչներ, գրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկա է գտնվել նաև Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Մայնի Ֆրանկֆուրտի այս տարվա Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը առանձնացել է նրանով, որ հայկական թեմայով գրքեր ցուցադրվել են նաև տարբեր երկրների տաղավարներում /Բուլղարիա, Ռումինիա, Ռուսաստան/: Ռումինիայի տաղավարում տեղի է ունեցել Վարուժան Ոսկանյանի վեպի շնորհանդեսը, որը պատմում էր իր տոհմի գաղթի մասին: Գիրքը հայերեն-ռումիներեն ներկայացրել է հեղինակը:
Մոսկվայաբնակ Բորիս Բարաթովը առանձին տաղավարում ցուցադրել է իր վերջին` «Ղարաբաղյան խրոնիկա» շքեղ ալբոմը և իր հեղինակած այլ գրքեր ու պաստառներ, որոնք պատմում էին Արցախի մասին: Նրա գրքերն ու ալբոմները ներկայացված էին նաև Հայաստանի տաղավարում:
Ցուցահանդեսի ավարտից հետո, Հայաստանի տաղավարում ներկայացված պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակված ողջ գրականությունը հանձնվել է Գերմանիայում ՀՀ դեսպանությանը, հայտնում են ՀՀ Մշժակույթի նախարարությունից: