Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի մի խումբ երիտասարդներ Երևանի փողոցներում հանգանակություն են հավաքում Աբովյան քաղաքի հարակից գյուղերից մեկում գտնվող «SOS» մանկատան համար:
Հյուսիսային պողոտայում հանգանակություն հավաքող ուսանողները Epress.am-ի հետ զրույցում պատմեցին, որ սա իրենց սեփական նախաձեռնությունն է:
«Մենք առաջին անգամ ենք նման բան մտածել: Տեսնենք` եթե ստացվի, անընդհատ նման բաներ կանենք»,- ասել է ուսանողներից մեկը` ավելացնելով, որ իրենք ակցիան անցկացնում են քաղաքի տարբեր մասերում` բաժանվելով խմբերի:
Ի դեպ, Հյուսիսային պողոտայում ակցիան իրականացնող ուսանողները տեղեկացրեցին, որ այստեղ շրջող ոստիկաններն իրենցից պահանջել են լքել տարածքը, քանի որ նման միջոցառում անցկացնելու համար հատուկ թույլտվություն է պետք:
«Մեզ ասացին, որ մենք նախօրոք պիտի դիմեինք քաղաքապետարան, թույլտվություն ստանայինք, նոր սենց բան անեինք»,- ասել է երիիտասարդներից մեկը: