Թեղուտի անտառների պաշտպանության համար կազմակերպված համերգ-հանրահավաքի միայն հանրահավաքային մասը կայացավ, քանի որ նախնական պայմանավորվածությունը խախտվել էր Կոմիտասի արձանի հարակից տարածքի սրճարաններից մեկի սեփականատիրոջ կողմից, և կազմակերպիչներին հոսանք չէր տրամադրվել:
Չնայած ոստիկանական արգելքներին, ովքեր մինչ միջոցառումը զգուշացրել էին կազմակերպիչներին, որ այն ապօրինի է, բազմաթիվ մարդիկ էին եկել, ովքեր ոգևորությամբ հետևում էին հանրահավաքի ընթացքին: Հանրահավաքին մասնակցում էին իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը, Ավետիք Իշխանյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Գյումրիից «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, երգիչ-երգահաններր Լիլիթ Պիպոյանը, Էդուարդ Զորիկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Հայկ Բալանյանը, ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցները հանդես էին գալիս փոքրիկ ելույթներով և ողջույնի ու հիացմունքի խոսքեր էին ասում միջոցառման մասնակիցների, հատկապես՝ ներկա գտնվող երիտասարդների հասցեին:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ-ի ղեկավար Կարինե Դանիելյանն այսօրվա երիտասարդ սերունդի եռանդը համեմատեց 1988-ի շարժման երիտասարդների հետ.
«Այսօրվա մեր երիտասարդների մեջ ես տեսնում եմ 1988-ի ոգին, և համոզված եմ, որ նրանց շնորհիվ մենք հասնելու ենք արդյունքի»:
Միջոցառմանն իրենց մասնակցությամբ աջակցեցին Armcomedy-ի տղաները` Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը, որոնք հետաքրքիր հումորային ներկայացում էին պատրաստել: Նրանք կատակեցին, որ այսուհետ Հայաստանում ծառերը պետք է ճանաչվեն հակասահմանադրական, 20 ծառի մի վայրում հավաքվելը պետք է լինի միայն քաղաքապետարանի թույլտվությամբ, և, նման տեմպերով շարունակելու դեպքում, 10 տարի հետո, օրինակ, հորանջելը պետք է համարվի օդի անտեղի օգտագործում, և, տոպրակներով օդ վաճառելով, մարդիկ կկարողանան հարստանալ:
«Ես ամաչում եմ, որ իմ երեխաներին, ձեզ` երիտասարդներ, թողնում եմ նման վիճակում գտնվող երկիր, ուստի ես պայքարելու եմ, որ խոտը մնա կանաչ», – նշեց միջոցառման մասնակից ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ Թեղուտի անտառների ոչնչացումը բնորոշեց որպես երկիրը թալանելու պարզ, դասական ձև:
«Այսօր ես հետևյալ երկու բաներն եմ ասելու, որոնք նպատակահարմար եմ գտնում. առաջինն այն է, որ մեր թիվը պետք է բազմացվի, նման միջոցառումները պետք է անընդհատ լինեն, երկրի բոլոր անկյուններում մարդկանց պետք է բացատրել էկոլոգիական խնդիրների կարևորությունը: Թեղուտը մեր ազգային հարստությունն է: Եվ երկրորդ, այս խուժանական ավտորիտար երկրում, եթե իշխանություններն անհանգստանում են նման միջոցառումներից, ուրեմն մի բան մենք անում ենք: Պետք է այնպես անել, որ նրանք շարունակեն շարունակաբար անհանգստանալ», – իր ելույթում ասաց Լևոն Բարսեղյանը:
Ի դեպ նշենք, որ այգու հարակից սրճարաններից մեկում նստած՝ համերգ- հանրահավաքին առանց համազգեստի «մասնակցում էին» մի շարք բարձրաստիճան ոստիկաններ` Կենտրոնի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ոստիկանության գնդապետ Զարզանդ Եղիազարյանը և Երևան քաղաքի ոստիկանության վարչության փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով հայտնի է «Բազազ» կեղծանունով: