Պոպուլիստական, այլ ոչ թե արևելյան կամ իսլամիստական. սա է այն տերմինը, որ լավագույնս արտացոլում է Թուրքիայի այսօրվա արտաքին քաղաքականության ուղեգիծը: Այս մասին EurasiaNet-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջի Թուրքայի գծով փորձագետ Օմեր Թասպինարը:
Նրա խոսքով` Թուրքիայի իշխանություններն իսկապես հաշվի են առնում թուրքական հանրության կարծիքը:
«Այսօր Միացյալ Նահանգների կողմից Թուրքիային չընդունելու փաստը խնդիրներ է առաջացնում թուրքական կառավարության համար: Թուրքիան ավելի ժողովրդավարական և հաստատուն պետություն է դառնում, բայց այն փաստը, որ ԱՄՆ-ի մասին հասարակական կարծիքն այնքան էլ բարձր չէ, խնդիրներ է ստեղծում (թուրքական – խմբ.) իշխանությունների համար»:
Թասպինարի կարծիքով`ամերիկացի քաղաքագետները հիասթափվել են Թուրքիայի վարած քաղաքականությունից, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել է, իսկ Միացյալ Նահանգները սատարում են այս նախաձեռնությունը:
«Երբ ԱՄՆ նախագահը Թուրքիայում այսքան քաղաքական կապիտալ է ներդնում, սկսվում է համագործակցության գործընթացը, այնինչ Թուրքիան պատասխան քայլ չի ձեռնարկում Հայաստանի կամ Իրանի հանդեպ, իսկ այս փաստն արդեն իսկ սկսում է մտահոգել Վաշինգթոնին»,- ամփոփել է փորձագետը: