Home / Հայաստան / Ադրբեջանի օգտին լրտեսելու համար հայաստանցին դատապարտվել է 12 տարվա

Ադրբեջանի օգտին լրտեսելու համար հայաստանցին դատապարտվել է 12 տարվա

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ քաղաքացի Գևորգ Հայրապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել) և ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից) առաջադրված մեղադրանքները:

Դատարանը ապացուցված է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ Գ. Հայրապետյանը, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել և նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության և պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի տեսանյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:

Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ.Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը:

Գ.Հայրապետյանը Բ.Բաղերիին հյուրընկալել է իր տանը և, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչեւան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝  Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից:

Նախաքննության ընթացքում Գ.Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև հրազեն և ռազմամթերք:

Դատարանը հիմնավորված համարելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ Գ.Հայրապետյանին դատապարտել է 12 տարվա, իսկ Բ. Բաղերիին՝ 10 տարվա ազատազրկման:

Սույն քրեական գործի դատաքննությունը տեղի է ունեցել դռնփակ: Ամբաստանյալները ապահովված են եղել պաշտպաններով, իսկ ԻԻՀ քաղաքացին՝ նաև թարգմանիչով, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդում է Lragir.am-ը, Գևորգի փաստաբանները պնդում են, որ մեղադրանքը հորինված է, եւ մեղադրող կողմն այլ նկատառումներ է ունեցել: Այս գործով հաճախ է շոշափվել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը:
 
Դատավճռի հրապարակումից հետո դատարանի մուտքի մոտ բողոքի ակցիա են սկսել Գևորգ Հայրապետյանի հարազատներն ու մարտական ընկերները, ովքեր ժամանել են Քարվաճառից, մոտ 200 մարդ:

Դատարանի շենքի մոտ են բերվել ոստիկանության խմբեր: Նրանք հայհոյել ու վիրավորել են Գևորգի հարազատներին:
 
Գևորգ Հայրապետյանը Երկրապահ միության փոխգնդապետ է, մասնակցել է Արցախի ազատամարտին, ունի բազմաթիվ շքանշաններ ու պատվոգրեր: