ԶԼՄ-երը հրապարակել են տամբովյան խմբավորման անդամներից մեկի` Յուրի Կոլչինի ցուցմունքի մանրամասները, ով դատապարտվել էր Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության գործով: Տարածված լուրերի համաձայն` Յուրի Կոլչինը նշել է հեռուստալրագրող Վլադիսլավ Լիստևի սպանության հավանական պատվիրատուների անունները:
Կոլչինը 2005 թվականին 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ` Ստարովոյտովայի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով:
Լիստևի սպանության պատվիրատուների շարքում նա նշել է Մեծ Բրիտանիայում բնակվող գործարար Բորիս Բերեզովսկու, քրեական հեղինակություն Վլադիմիր Բարսուկովի (Կումարին) և 2003 թվականին սպանված Կոնստանտին Յակովլևի անունները:
Հիշեցնենք, որ Վլադիսլավ Լիստևը սպանվել է 1995 թվականի մարտի 1-ին Մոսկվայի Նովոկուզնեցկ փողոցի իր բնակարանի մոտ: Սպանության հիմնական պատճառների շարքում քննիչները դիտարկում են լրագրողի մասնագիտական և քաղաքական գործունեությունը: