Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և նկարիչ Հենրի Գարուկյանն այսօր բարձրաձայնել են Երևանի բոլոր գերեզմանների հագեցվածության խնդիրը:
Բանախոսները այն կարծիքին են, որ Երևանում տարածքների սղություն կա: Նրանք կողմնակից են, որպեսզի հանգուցյալի դին դիակիզվի և դրվեն փոքրիկ տապանաքարեր:
Մինասյանն ու Գարուկյանը վստահեցրեցին, որ տապանաքարերի մասով նման օրենք ընդունվել է, սակայն անհետևողականության պատճառով այն ուժը կորցրեց:
Ինչ վերաբերում է գերեզմանոցներում կառուցված հուշարձաններին, ապա, բանախոսների կարծիքով, շատ երկրներում կան գերեզմանատներ, որտեղ առկա են շատ գեղեցիկ քանդակներ, և այնտեղ գերեզմանոցները վերածվել են բաց թանգարանի: Մինասյանի խոսքով` Հայաստանում ևս կարող է նման բան տեղի ունենալ, եթե խնդիրը կանոնակարգվի:
Մկրտիչ Մինասյանը բարձրաձայնել է նաև Եռաբլուրում շքեղ գերեզմանոցների կառուցման խնդիրը:
«Դա ռազմական գերեզմանոց էր, և այնտեղ միայն խաչեր էին դրված: Եռաբլուրը հենց արված էր դրա համար, որ բոլոր կռվածները հավասար են», – ասել է Մինասյանը` հավելելով, որ Եռաբլուրը, սակայն, ևս վերածվում է շքեզ դամբարաններով գերեզմանոցի:
Անդրադառնալով Պանթեոնին` բանախոսները նշել են, որ «Պանթեոն որպես այդպիսին այլևս չունենք»:
«Նախկինում այնտեղ ծառուղի կար, յուրաքանչյուրը գիտեր, որտեղ են պետական գործիչների շիրիմները, որտեղ են արվեստի գործիչների շիրիմները, իսկ հիմա խառնված են»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: