Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը չի այցելելու նոյեմբերի 2-ին Երևանում մեկնարկող ադրբեջանական ֆիլմերի փառատոն, որովհետև այն ուղղակի հետաքրքրիր չէ իրեն: Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ինքը` Տեր-Աբրահամյանը` կարծիք հայտնելով, որ աշխարհում հազարավոր ավելի հետարքրիր բաներ կան, քան ադրբեջանական ֆիլմերը:
Հիշեցնենք, որ Արբեջանական ֆիլմերի փառատոնի մասին ազդը տեղադրվել էր Facebook հասարակական ցանցում, որից հետո լուրջ բանավեճ էր սկսվել, որի ընթացքում որոշ մարդիկ քարկոծել էին կազմակերպչին` Գեորգի Վանյանին: Նշենք նաև, որ փառատոնի կազմակերպմանն աջակցում է Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
«Կինոն կինո է, կարող ա թուրքի նկարածն էլ լավը լինի՝ էդտեղ ազգային պատկանելիությունը կապ չունի: Բայց նաև ակնհայտ է, որ տվյալ միջոցառումը կապ ունի ոչ էնքան արվեստի, որքան քարոզչության ու քաղաքականության հետ: Այլապես` թող վրացական կինոների փառատոն լիներ», – ասել է Տեր-Աբրահամյանը:
Տեր-Աբրահամյանի խոսքով` հիմա ինտերնետում դրա շուրջ որոշակի քննարկում ու վեճ է առաջացել: Հիմնականում այս վեճում բախվում են երկու իրար բավական նման մտածողության կրողները՝ վերացական խաղաղասերներն ու վերացական հայրենասերները:
«Վերացական հայրենասերը նա է, ով, ասենք չի մասնակցում բնապահպանության, լեզվի հետ կապված քննարկումներին ու գործողություններին, չնայած թվում է՝ ի՞նչ կարող է ավելի կարևոր լինել հայրենասերի համար, քան Հայաստանի բնությունն ու հայոց լեզուն: Նա նաև անտարբեր է քաղաքացիական և օրինականության հարցերում: Բայց նրա տեսակետից շատ կարևոր է ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ պայքարը: Իհարկե, բոլորը չէ, ովքեր դեմ են էս փառատոնին, էդ տիպին են պատկանում, բայց մի զգալի մասն այդ մարդիկ են», – նշել է Տեր-Աբրահամյանը:
Նրա խոսքով` մյուս կողմում վերացական խաղաղասիրությունն է, որը կազմակերպում է նման միջոցառումներ:
«Ժողողվուրդների միջև խաղաղությունը կարևոր խնդիր է, բայց դրան չես հասնի ողջ քաղաքական կոնտեքստից դուրս կազմակերպվող ֆիլմերի փառատոնով: Ակնհայտ է, որ նման փառատոնը ենթատեքստ ունի՝ ցույց տալ, որ այսպես ասած, թուրքերն էլ են մարդ, նրանք էլ կինո ունեն: Բայց հարցն էն չի, որ թուրքրեը մարդ չեն: Հարցն այն է, որ պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը մի միլիտարիստական, շովինիստական գաղափարախոսությամբ պետություն է, և հազիվ թե փառատոնի ընթացքում մեզ դրա մասին պատմեն կամ ֆիլմերում դա արտացոլված լինի: Իսկ քանի որ մեր հասարակության մեծ մասն առանձնապես տեղյակ չէ Ադրբեջանից, ապա դա կարող է թյուր կարծիք ստեղծել բարի ու պուպուշ թուրքերի մասին: Կոնֆլիկտը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով, այլ ոչ թե անպատասխանատու պացիֆիզմի քարոզով»,- համոզված է Տեր-Աբրահամյանը:
Նա կարծիք է հայտնել, որ այդ փառատոնի նշանակությունը պետք չէ գերագնահատել:
«Դա, ամենայն հավանականությամբ, հերթական միջոցառում ա «դլյա գալոչկի», որի ազդեցությունը չնչին կարող է լինել, և հազիվ թե արժի ժամանակ ու ռեսուրս վատնել նման բաների դեմ պայքարի վրա, երբ Հայաստանում կան այդքան կարևոր խնդիրներ», – ասել է հրապարակախոսը: