Վաղը «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա Ջո Քոքերի համերգը: Այս և այլ համերգների մասին այսօր պատմեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, նախագահ Ստեփան Ռոստոմյանը:
Նրա խոսքով` Քոքերին հրավիրելը Հայաստան բավական բարդ էր` հաշվի առնելով իր` թվով քիչ շրջագայությունները և տարիքը: Նշենք, որ այս տարի առաջին դեպքն էր գրանցվել, երբ Քոքերի այցից առաջ նրա աշխատակազմի ներկայացուցիչը ժամանել էր Հայաստան` ծանոթանալու երկրին և պարզելու համար, պատրաստ է արդյոք Հայաստանն ընդունել այդ կարգի երգչի:
«Իհարկե, այստեղ շատ մեծ դեր խաղաց փառատոնի կենսագրությունը: Իրենք շատ հարգեցին ամբողջ դասական երաժշտության աստղերի ցանկը», – նշել է փառատոնի կազմակերպիչը:
Ռոստոմյանի խոսքով` այս անգամ շատ փոքր թիվ են կազմում հրավիրատոմսերը. «Մեզ համար բարի սովորույթ էր, որ դահլիճի մեծ մասը հրավիրում էինք և կարողանում էինք թույլ տալ գալ այն մարդկանց, որոնք առանց այդ արվեստի չեն կարող ապրել, բայց հնարավորություն չունեն գալ այդ համերգներին: Անգամ ուսանողները գիտեն, որ վերջում ես պիտի դռները բացեմ, և նրանք էլ ներկա լինեն: Փառատոնը դրա համար էլ ստեղծվել է»:
Շնորհակալություն հայտնելով «Ամերիաբանկին», որը մեծ միջոցներ է ծախսել միջոցառման վրա, Ռոստոմյանը փաստեց, սակայն, որ այդ ծախսերը հատուցելու համար «տոմսերն ամբողջությամբ իրենցն են»: Նշենք, ի դեպ, որ Քոքերի համերգի տոմսերը վաճառվում են 30-60 հազար դրամով:
«Մյուս կողմից, եթե չլիներ «Ամերիանանկը», ոչ Բենսոնը կլիներ Հայաստանում, ոչ էլ մեկ ուրիշը»,- ասել է Ռոստոմյանը:
Ասուլիսի մասնակիցները նաև նշեցին, որ նոյեմբերի 15-ին կկայանա Գորան Բրեգովիչի համերգը` «Ալկոհոլ» անվանումով, որը Հայաստան է ժամանում իր «Հարսանեկան և թաղման» նվագախմբի հետ միասին:
Իսկ դեկտեմբերի 3-ին Երևանում համերգով հանդես կգա Պլասիդո Դոմինգոն. «Նա շատ քիչ երկրներ է գնում: Շատ մեծ բարեկամ է Շառլ Ազնավուրի, և պարզվեց, որ իր հայ ընկերներին տեղեկացրել է իր այցի մասին»: Այս համերգի տոմսերի գները դեռ հայտնի չեն, սակայն, փառատոնի կազմակերպիչների խոսքով, տոմսեր կլինեն «և էժան, և թանկ»: