2010 թվականի համառուսական մարդահամարի արդյունքերից հետո Ռուսաստանում հայերի քանակն արհեստականորեն կարող է նվազել: 2010 թվականի հունվարի 27-ի որոշմամբ, մարդահամարի 7-րդ հարցին պատասխանելիս, որը վերաբերում է ազգային պատկանելիությանը, առաջարկվում է հնարավոր տարբերակներ կիրառել, գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Այս փաստաթղթի համաձայն` ազգության մասին հարցին պատասխանելիս` հայերին մի շարք տարբերակներ են առաջարկում, այդ թվում` «համշենյան հայեր», «համշենցիներ», «համշեններ», «լեռնային հայեր», «Դոնի հայեր», «Ղրիմի հայեր», «չերկեսյան հայեր», «հայ գնչուներ», «ղարաբաղցիներ», «հայ թաթեր» և նմանատիպ այլ անվանումներ:
«Բացառված չէ, որ հայերի մեծ մասը կգրանցվեն որպես ազգային փոքրամասնություններ կամ կովկասցիներ: Զարմանալի է, որ փաստաթղթի հեղինակները ցուցակում չեն ընդգրկել նաև «խաչիկներ» ազգությունը կամ դրա նման մի բան»,- հեգնում է թերթը:
«Երկրամաս» թերթի խմբագրությունը տեղեկատվություն ունի նաև այն մասին, թե ինչպես է անցկացվել հարցումը: Մասնավորապես, Կրասնոդարում այն հայերին, ում ազգանունը «յան»-ի փոխարեն ավարտվել է «ով»-ով (Խաչատուրով, Սարկիսով), ազգային պատկանելության հարցը հետևյալ կերպ են ձևակերպել` «Դուք ռո՞ւս եք», կամ լեզվի մասին հարցնելիս` «Ձեր մայրենի լեզուն ռուսերե՞նն է»: Իսկ այն տարածքներում, որտեղ համշենահայերն են բնակվում, հարցրել են` «Դուք համշենցի՞ եք»: