Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է` այդ գործընթացում հարևան երկրների ներգրավմամբ: Ադրբեջանը պետք է այնպես անի, որ այդ երկրների քաղաքական էլիտան շահագրգռված լինի խնդրի կարգավորմամբ: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սոտնիչենկոն:
Նրա խոսքով` Ռուսաստանն ու ռուսական էլիտան տարբեր հասկացություններ են:
«Ռուսաստանում ուժեղ է հայկական լոբբին, և անհրաժեշտ է չեզոքացնել դրա ազդեցությունը: Այդ նպատակով Ադրբեջանը պետք է Ռուսաստանում նմանատիպ միջոցառումներ կազմակերպի` հետազոտություններ անցկացնի, գրքեր գրի, ղարաբաղյան խնդրին նվիրված կոնֆերանսներ կազմակերպի, ինչը անում է հայկական լոբբին: Հարկավոր է այդ նպատակով բարձրաստիճան հյուրերի, մասնագետների հրավիրել, նրանց առաջարկել համագործակցության տարբեր եզրեր, Ռուսաստանին առաջարկել բանավեճեր անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ռուսաստանը երկու երկրներում էլ լավ դիրքեր ունի: Այդ հարցում անհրաժեշտ է հենվել Թուրքիայի միջնորդության վրա և Ռուսաստանին բացատրել թուրքական գործոնի կարևորությունը տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար: Ես հավատացած եմ, որ համագործակցության միջոցով մենք կհասնենք տարածաշրջանային խնդիրների լուծմանը», – կարծում է Սոտնիչենկոն: