2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 566.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 595 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության` ինն ամիսների համար հաստատած ծրագրի համապատասխանաբար 109.8 և 93.2 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով 77.7%-ով, ծախսերի գծով` 69.4%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 19.2%-ով կամ 91.4 մլրդ դրամով:
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 28.4 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 122.3 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 93.5 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 39.2 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 10.8 մլրդ դրամ: