Home / Հայաստան / «Առավոտ». Սյունիքի մարզպետը 40 րոպե օդում կախված է մնացել

«Առավոտ». Սյունիքի մարզպետը 40 րոպե օդում կախված է մնացել

Կիրակի օրը` հոկտեմբերի 24-ին, Տաթևում հավաքված բազմությունը ականատես եղավ, թե ինչպես աշխարհի ամենաերկար ճոպանուղին շահագործումից մեկ շաբաթ անց կանգ առավ, տեղեկացնում է օրաթերթը:

Ճոպանուղու 2 վագոնները` մեկը` Հալիձորից Տաթև, մյուսը` Տաթև-Հալիձոր, կեսճանապարհին մոտ 50 ուղևորով 40 րոպե մնացին օդում: Հալիձորից Տաթև եկող վագոնում է եղել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ճոպանուղու անվտանգության աշխատակիցների տեղեկատվությամբ` անվտանգության ավտոմատ համակարգչային սարքերն ինչ-որ տեխնիկական խնդիրներ են արձանագրել: Օդում մնացած ուղևորներից ոմանք վատացել էին: Գրանցված դեպքից հետո ճոպանուղու աշխատանքը դադարեցվեց և ցանկացողներից շատերին չհաջողվեց նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Կիրակի օրը Տաթևի վանքում նշվում էր Գյուտ խաչի տոնն ու Տաթևի վերածնունդը, որն ուղեկցվեց մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիների կատարումներով: Տաթևում էին բազմաթիվ հյուրեր` մարզի տարբեր քաղաքներից, մայրաքաղաքից, հանրապետության այլ բնակավայրերից և արտերկրից: Տոնախմբության ժամանակ Սյունիքի մարզպետը, նախքան օդում կախված մնալը, իր ելույթում նշել էր, որ ունենալով այսպիսի ճոպանուղի` Սյունիքը կդառնա տուրիզմի իսկական կենտրոն: