Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը սկզբունքորեն փոխվել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` ընթացիկ տարվա հունվարին Սոչիում կայացած հանդիպումից հետո: Այս մասին «Նովոստի-Ազերբայջանին» տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն:
Քաղաքագետը սա կապում է «Պիոն» զինատեսակի վաճառքի հետ, որը, ի տարբերություն С-300-ի, նախատեսված է հարձակման համար: «Սա նշանակում է, որ եթե պատերազմ սկսվի, ապա Ռուսաստանը Ադրբեջանին կսատարի»,- ասել է քաղաքագետը:
Ահմեդօղլուի կարծիքով` պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման փոփոխությունն ի օգուտ Ադրբեջանի է: «Մեդվեդևը վճռական է տրամադրված ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում. նա մտադիր է լուծել այս հարցը», – ասել է քաղաքագետը` վստահություն հայտնելով, որ նախագահների` Աստանայում կայանալիք հանդիպումից շատ բան է կախված:
«Եթե այս հանդիպումն արդյունք չտա, Մեդվեդևն Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կառաջարկի կրկին հանդիպել, իսկ այդ դեպքում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ անպայման կստորագրվի»,- ասել է Ահմեդօղլուն: