ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ասուլիսներից մեկի ընթացքում անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխություններին` հայտարարել էր, որ «Դաշնակցությունը», դուրս գալով կոալիցիայից, փոխեց իր կարծիքը օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:
Հանրապետականի այս հայտարարությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց «Դաշնակցություն» կուսակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
«Երևի հարգելի պատգամավորը տեղյակ չի եղել մեր մոտեցումներին, որովհետև երբ մենք աշխատում էինք կոալիցիայի մեջ, մի քիչ այլ աշխատանքային խումբ էր գործում: Աշխատում էինք մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Եվ, թերևս, նա տեղյակ չէ ամբողջ այն փաթեթից, որ «Դաշնակցությունը» միշտ ներկայացրել է ընտրություններից ընտրություն», – ասել է դաշնակցական գործիչը:
Նրա խոսքով` հիմնական հարցը վերաբերում է հանձնաժողովների ձևավորմանը. «50/50 տոկոս ենք հիմա առաջարկում, ընդդիմության փաթեթն է դրա վրա հենված»:
Ռուստամյանը հիշեց 2003թ. արված առաջարկությունները, երբ հանձնաժողովը ձևավորվել է բոլորովին այլ եղանակով:
Նրա խոսքով` հանձնաժողովի ձևավորման հետ կապված առաջարկությունները ներկայացրել էր Վենետիկի հանձնաժողովը: Ներկայացված տասը տարբերակից, դաշնակցական գործչի խոսքերով, կոալիցիան որոշեց ընտրել այն, ինչը գործում է այսօր:
Ռուստամյանը համոզված է, որ եթե իր ներկայացրած ուժն իր առաջարկությունը փորձեր առաջ մղել, ապա դուրս կգար, որ իրենք մերժում են Վենետիկի հանձնաժողովի առաջարկները:
«Ոնց որ եվրոպացիներից ավելի եվրոպացի ենք ուզում երևալ», – հավելեց Ռուստամյանը: