Transparency International հակակոռուպցիոն կազմակերպությունն այսօր ներկայացրել է Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2010թ. համար:
Այդ համաթիվը դասակարգում է պետությունները, տարածքները` ելնելով նրանից, թե տվյալ պետության հանրային ոլորտը որքանով է ընկալվում կոռումպացված:
2010թ. ԿԸՀ աղյուսակում ընդգրկված աշխարհի 178 երկրների մոտ երեք քառորդի համաթվի արժեքները ցածր են 5 միավորից (համաթիվը հաշվվում է 0-ից 10 սանդղակով, որտեղ 0-ն բացարձակապես կոռումպացված, իսկ 10-ը բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալում է):
Transparency International կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը փաստեց, որ գնալով շատանում են այն երկրները, որոնց համաթիվը 5-ն է: Աշխարհի 45 երկիր միայն ունի 5-ից բարձր համաթիվ:
Նախորդ տարվա համեմատ` նկատելի նահանջ կա Հունաստանում, Չեխիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում:
Անդրադառնալով Հայաստանի կոռումպացվածությանը` Վարուժան Հոկտանյանը նշեց, որ մեզ մոտ փոփոխություն չկա. Հայաստանի համաթիվը մնում է 2,7: Այդ առումով ԱՊՀ երկրներում առաջատարը Էստոնիան է:
Հայաստանը զբաղեցնում ` վարկանիշային աղյուսակի 123-րդ տեղը, Ադրբեջանը 134-րդն է, Վրաստանը` 68-րդը:
Կոռուպցիայի ընկալման համաթվերի աղյուսակում առաջատար դիրքերում են Դանիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը:
Վարուժան Հոկտանյանը նաև տեղեկացրեց, որ համաթվերի նոր աղյուսակն իրենք կներկայացնեն դեկտեմբերի 9-ին` կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրը: