Հոկտեմբերի 26-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Աղդամի ուղղությամբ, Յուսուֆջանլու բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ և Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/:
Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/ և Քրիստո Քրիստովը /Բուլղարիա/:
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: