Հանրության և ԶԼՄ-ի համար փակ դռների հետևում անցկացված հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև արտգործնախարարները բավական կառուցողական և դիվանագիտական կեցվածք են դրսևորում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը` մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք եռակողմ հանդիպումը:
Փորձագետի կարծիքով` հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին.
«Չեմ բացառում, որ Մեդվեդևին նման հանդիպում կազմակերպել խնդրել է Ղազախստանի նախագահ Նազարբաևը: Չէ՞ որ ավելի վաղ Լիսաբոնում հայ-ադրբեջանական դիմակայությունը գրեթե հանգեցրել էր գագաթաժողովի հանրագումարային փաստաթղթի ընդունման արգելափակման: Սա ոչ Աստանային, ոչ էլ Մոսկվային է ձեռնտու»,- ասել է Մուսաբեկովը:
Նրա խոսքով` որոշակի միջանցիկ որոշման հանգելու հավանականությունը, որը դրական աճ կգրանցի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, դեռ պահպանվում է:
«Կարծում եմ` ոչ մի ջանք, որը կարող է խաղաղություն ապահովել, անգամ եթե դրա հավանականությունը շատ փոքր է, չպետք է անտեսել: Անցյալ տարի Աթենքում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Մինսկի խմբի համանախագահները կողմերին մի փաստաթուղթ էին ներկայացրել, որը դեռ բանակցային սեղանին է: Բաքուն հայտարարել է, որ ընդունել է այն` թեկուզ վերապահումներով, բայց Երևանն էլ ոչ դրական պատասխան է տալիս, ոչ բացասական: Հնարավոր է` լրացուցիչ երաշխիքներն ու որոշակի մոտեցումները հակամարտող կողմերին դրդեն վերջին քայլն անել` ուղղված հակամարտության կարգավորմանը»:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` ժամեր տևած փակ հանդիպումներից հետո նախագահներն իրենք մեկնաբանություններ չեն անում: Լրագրողներին ներկայանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և խոսում են «կողմերի կառուցողական լինելու», «առաջընթացի», «որոշակի առաջարկների վերանայման անհրաժեշտության» և այլ հարցերի մասին: Մանրամասները հաղորդվում են «Մադրիդյան սկզբունքների», «Պրահայի դրույթների», «պետերբուրգյան նվաճումների», «ինչ-որ պայմանավորվածությունների մասին» արտահայտությունների տեսքով:
Նախագահներն ավելի ուշ են հանդես գալիս մեկնաբանություններով` կամ միջազգային ասպարեզում, կամ երկրի ներսում: Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է խնդրի լուծման ռազմական տարբերակի մասին. «Ադրբեջանական Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն երկրի տարածքային ամբողջականության շրջանակում»:
Հայաստանի առաջնորդը, իր հերթին, ասում է, որ Ղարաբաղի հարցը, փաստացի, լուծված է: Այն արդեն կայացած, անկախ պետություն է, և դա քննարկման ենթակա չէ. «Ղարաբաղը միշտ էլ հայկական տարածք է եղել, իսկ ադրբեջանական բնակչությունն այստեղ հյուր է»: