Home / Армения / Այս պահին ԼՂՀ անկախությունը ճանաչելը սադրանք է. կարծիք

Այս պահին ԼՂՀ անկախությունը ճանաչելը սադրանք է. կարծիք

«Գործընթացի վերաբերյալ որևէ ակնկալիք չունեմ: Ալիևը չի տա այն, ինչ մենք ենք ակնկալում, մենք չենք տա Ադրբեջանի ակնկալածը, իսկ առհասարակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ հանդիպման նպատակն է համարում երկու ստորագրություն վերցնելը, որպեսզի պատերազմի սպառնալիքը վերանա», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` խոսելով Աստրախանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին:
 
Անդրադառնալով այսօր Աստրախանում բացվող Հեյդար Ալիևի արձանի թեմային` Կարապետյանը նշել է, որ պետք չէ ուշադրություն դարձնել այդ փաստի վրա:

«Իսկ ընդհանրապես մեր իշխանությունները սովոր են անընդհատ սրա-նրա ասածով շարժվել», – հայտարարել է քաղաքական գործիչը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Տիգրան Կարապետյանը նշել է, որ «Ժառանգություն» կուսակցության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձևն Ազգային ժողով մտցնելը սադրանք է, քանի որ կխախտվի ստատուս-քվոն:

«Նրանք (նկատի ունի «Ժառանգությունը» – Epress.am) դա ի սկզբանե գիտեն, գիտեն, որ չի ընդունվի, բայց սա նախընտրական քարոզարշավ է, ամերիկյան փիառ: Ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանը արտգործնախարար էր, թող այն ժամանակ դներ այդ հարցը: Իսկ այն որ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան թույլ չէր տալիս, դրան ես չեմ հավատում», – ասել է Կարապետյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինքը 2 ամիս առաջ հայտարարել էր, որ կողմ է «Ժառանգության» կողմից ներկայացված բանաձևին, Կարապետյանը պատասխանել է, որ կողմ է միայն գաղափարին:

«Իհարկե, Լեռնային Ղարաբաղը պիտի լինի հայկական մարզերից մեկը, բայց այժմ նրա ճանաչման հարցը պարզապես սադրանք է», – նշել է Ժողովրդական կուսակցության նախագահը: