Այսօր «Հրապարակ» օրաթերթն իր խմբագրականում գրել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին:
Հենց բանտի բուժկետում կալանավորված անձն ինքնասպանություն է գործել` ինքն իրեն թուք է ներարկել:
Հին ռեցիդիվիստներն ասում են, որ սա ստույգ մահ պատճառելու հին ու փորձված մեթոդ է` օդի ներարկման մի տեսակ, որը դաժան ու ցավոտ, բայց արագընթաց մահվան է հանգեցնում:
«Հրապարակը» հարց է բարձրացնում, թե ինչպես է կալանավորը ներարկիչ վերցրել ու հասցրել այդ բոլոր գործողություններն անել, որոնց համար առնվազն մի 10 րոպե ժամանակ կպահանջվեր, անհասկանալի է:
«Այս պարագայում Չարենցավանի «ռեկորդը»` պահարանից վերցված դանակով Խալաֆյանի` ինքնասպանության դիմելու փաստը կարելի է գերազանցված համարել: Պետք է սպասել, թե այս դեպքում արդարարդատության նախարարությունը, որի կազմում են գտնվում ՔԿՀ-ները, ինչ ֆանտաստիկ բացատրություն կգտնի: Ուշագրավ է, որ երեկ արդեն նախարարությունից հաստատել են կատարվածը, սակայն հաղորդագրության մեջ հատուկ շեշտել են սպանվածի երեք անգամ դատված լինելու հանգամանքը: Իսկ Վանաձորում այս դեպքին բոլորովին այլ բացատրություն ունեն. մարդը նախկինում դատված է եղել, փորձել են կոտրել գլխին, իմացել է, որ չի կարողանալու ապացուցել իր անմեղությունը, և ճարահատ դիմել է այս քայլին: Գուցե, արժե, որ այս դեպքն իրավապահներն ու հասարակությունն այլ աչքով նայեն. ասենք, ի՞նչը կարող էր ստիպել չորս երեխայի հորը, 36-ամյա հոգեպես առողջ տղամարդուն դիմել նման հուսահատ քայլի: Իսկ գուցե իսկապե՞ս մարդը մեղավոր չի եղել` գոնե սպանության մեջ, և այլ ելք չի տեսել, քան կյանքից հեռանալն է: Իսկ եթե անգամ մեղավոր է եղել, ինչպե՞ս կարող էր պատահել, որ հենց բանտում մարդը նման քայլի կարողանար գնալ և ոչ ոք նրան չհասցներ խանգարել», – գրում է հոդվածագիրը: