Home / Армения / Մրցակցին դեմ տվեցին. իշխանությունների հետ կոնֆլիկտից խուսափելը չօգնեց Կարապետյանին

Մրցակցին դեմ տվեցին. իշխանությունների հետ կոնֆլիկտից խուսափելը չօգնեց Կարապետյանին

Ժողովրդական կուսակցության նախագահ, ԱԼՄ հեռուստաընկերության սեփականատեր Տիգրան Կարապետյանը համարում է, որ կապուղիների մրցույթում իր հեռուստատեսությանը ներքաշելը քաղաքական որոշում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը` Կարապետյանը:
 
«Իմ կենտրոնամետ հեռուստատեսությունն էլ փորձեցին գցել մրցակցության մեջ: Ես ոչ այս կողմն էի, ոչ այն կողմն էի» – ասել է նա` նկատի ունենալով իշխանություններին և ընդդիմությանը:

Նա նշել է, որ ինքը փորձել է որևէ կոնֆլիկտ չունենալ իշխանություների հետ:

«Բայց նրանք կպան մեզ: Էստեղ էլ դեմ տվեցին մրցակից»,- ասել է Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ այսօր կենտրոնամետության գաղափարը վտանգավոր է Հայաստանում, քանի որ քաղաքական դաշտը բևեռացված է:

«Միայն մենք և Ա1+-ն ունենք մրցակիցներ»,- ասել է քաղաքական գործիչը` նշելով, որ իր մրցակցի` «Երևան» հեռուստաընկերության հետևում կան իշխանական ուժեր:

Կարապետյանը նաև ասել է, որ մրցույթում ինքը իր ձայնը բարձրացնում է «Ա1+»-ի օգտին, և պատրաստվում է հեռուստաընկերությանն օգնելու համար ստեղծված հիմնադրամին գումար փոխանցել: