Կիսահարբած սեղանների շուրջ և բակային զրուցարաններում տարածված կարծիքը, թե Նաիրի և Կարեն Հունանյանները` հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած հանցախմբի ղեկավարը և նրա եղբայրը, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում աղայավարի են ապրում, իրականությանը կարծես թե չեն համապատասխանում: Այսպես է սկսում հոկտեմբերի 27-ին հրապարակած իր հոդվածը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշում է, որ ինքը նման տպավորություն է ստացել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ մեկուսարան) 7 ամիս կալանք կրելու ընթացքում:
«Հունանյանները հենց այդ ՔԿՀ-ում են կրում ցմահ ազատազրկումը: Գրել եմ արդեն, որ ի տարբերություն այլ ՔԿՀ-ների, «Երևան-Կենտրոնում» գտնվող կալանավորները այլ կալանավորների չեն հանդիպում: Օրերից մի օր, սակայն, մի կիսաբաց դռան հետևում աչքովս էր ընկել մեկը, որը կարծես Նաիրի Հունանյանն էր: Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, հետևյալն էր` երկար չի ձգի: Բերանում ատամ չկար, մազերը խուզած էր, հագին` կալանավայրի պետական «սպեցովկա»: Մեկուսարանում նման հագուստ վստահաբար ոչ ոք չի կրում: Ինձ հաջողվեց ճշտել, որ Նաիրի Հունանյանը միայնակ է պահվում խցում, իսկ թե որ խցում` չկարողացա իմանալ, բայց գրեթե վստահ կարող եմ ասել, որ հեռուստացույց կամ որևէ կալանավորական ճոխություն չունի, սնվում է «Երևան-Կենտրոնի» խոհարարի պատրաստած բալանդով, որից մի օր երեք գդալ կերա ու վատացա, ծխում է «Չիբուխ» կամ ոչ ֆիլտրով որևէ այլ ծխախոտ: Սա միակ «հավելյալ» ծախսն է, որ հայրենի պետությունը անում է Նաիրի Հունանյանի համար (ՀՀ օրենսդրությամբ դատապարտյալներին ծխախոտ չի տրվում): Ընդ որում, այդ ծխախոտը պահվում է հսկիչի մոտ, և ծխելու համար Հունանյանն ամեն անգամ ստիպված է թակել դուռը և մի հատիկ ծխախոտ խնդրել: Նկատի ունեմ` այդ ծխախոտն էլ քվոտայով են տալիս», – գրում է Փաշինյանը:
Նա նշում է, որ Կարեն Հունանյանի մասին ինքն ավելի որոշակի տեղեկություններ ունի:
«Մի օր ՔԿՀ-ում հոսանքն անջատվել էր, ինչի արդյունքում մեր խցում ոչ հեռուսատացույց կար միացրած, ոչ էլ որևէ այլ սարք: Սրա արդյունքում առաջացած լռությունը ավելի էր ամրապնդվում կիրակի օրվա պատճառով. ԱԱԾ բակում, դեպի ուր նայում էր մեր խցի պատուհանը` ոչ մի շարժ չկար: Եվ ահա լռությունը սկսեց խախտվել կողքի խցում ծավալվող իրադարձությունների պատճառով: Սկզբից տպավորություն էր, թե երկու խցակից վիճում են: Հետո, երբ ձայները բարձրացան, ակնհայտ դարձավ, որ խոսողը մի հոգի է: Սկզբում խոսակցության իմաստը անհասկանալի էր, բայց ժամանակ առ ժամանակ շեշտվում էր «Մոսադ» բառը: Չիմացողների համար ասեմ, որ սա հրեական պետության, Իսրայելի հատուկ ծառայության անունն է: Բնականաբար` այս խոսակցությունը չէր կարող հետաքրքիր չլինել: Ինչ մեղքս թաքցնեմ` ականջներս սրեցի: Խոսակցության լեյտմոտիվը հետևյալն էր. «Մոսադի» ներկայացուցիչները «եկել և բանակցում էին» խոսողի հետ` նրան շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկելով: Խոսողը հրաժարվում էր համագործակցությունից` պատճառաբանելով, որ համակրանքով է վերաբերվում պաղեստինցիների ազատագրական շարժմանը: Ինձ համար ակնհայտ էր, որ խոսողը Հունանյաններից մեկն էր: Ակնհայտ էր նաև, որ կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, կամ էլ գտնվում է դրա շեմին: Հսկիչները հետո կոնֆիդենցիալ զրույցում հաստատեցին, որ դա Կարեն Հունանյանն էր», – պատմում է Նիկոլ Փաշինյանը:
Շարունակելով թեման` քաղբանտարկյալը նշում է, որ ինքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում էր, երբ հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացավ:
«Հունանյանի հանցախմբի բացահայտված և դատապարտված 7 անդամներից այս պահին կենդանի են Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Նաիրի և Կարեն Հունանյանները: Ազատազրկման վայրերում իրենց մահկանացուն են կնքել Նորայր Եղիազարյանը, Վռամ Գալստյանը և Համլետ Ստեփանյանը: Իրադարձությունները, փաստորեն, զարգանում են իշխանություններին ձեռնտու սցենարով», – եզրակացնում է Նիկոլ Փաշինյանը: