Home / Հայաստան / ՌԴ-ն և Եվրոպան ժողովրդագրական խնդիրները լուծում են Հայաստանի հաշվին

ՌԴ-ն և Եվրոպան ժողովրդագրական խնդիրները լուծում են Հայաստանի հաշվին

Հայաստանում ստեղծված հակաժողովրդական համակարգը արտագաղթի համար նպաստավոր պայմաններ է ստեղծում և ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրներին` Ռուսաստանի Դաշնությանը և Եվրամիությանը, հուշում է, որպեսզի վերջիններս անցնեն գործնական քայլերի: Այս մասին, հիմնվելով ոչ պաշտոնական տվյալների վրա, համաձայն որոնց Հայաստանի անկախության օրոք երկրից տարբեր պատճառներով արտագաղթել են շուրջ մեկ և կես միլիոն մարդ, հայտարարել է «Սարդարապատ» շարժումը:

Նման իրավիճակում նախաձեռնությունn աննախադեպ է համարում Ռուսաստանի Դաշնության կողմից «հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում վերջին մի քանի ամսում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը հետխորհրդային պետությունների տարածքներում:

Նոր միգրացիոն քաղաքականություն իրականացնող երկրներում հեշտությամբ ինտեգրվող, երկրի պետական լեզվին քիչ թե շատ տիրապետող, քրիստոնեա, գործունյա և ձեռներեց հայերը տվյալ երկրների համար իսկական պարգև են, նշվում է «Սարդարապատի» հայտարարութjան մեջ:

Առանց մեծ աղմուկի, սակայն նպատակային սեմինարների միջոցով, Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնելով իրենց երկրում բնակվելու, աշխատելու աննախադեպ լավ պայմանների հետ, Ռուսաստանի Դաշնության  միգրացիոն ծառայությունը իրականացնում է քայլեր, որոնց հետևանքները մոտ ապագայում Հայաստանի համար ճակատագրական կարող են լինել, ասված է  հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ նոյեմբերի 1-ից ՀՀ-ից Ֆրանսիա մեկնողների համար հեշտացվել է Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու կարգը:

Ըստ շարժման, եթե մինչև 1994թ. մայիսը արտագաղթը պայմանավորված էր նաև Արցախյան պատերազմով, ապա դրանից հետո չիրականացվեց նպատակային համալիր քաղաքականություն, որպեսզի կանխվեր մասսայական արտագաղթը: Հակառակը, ստեղծվեց մի հակաժողովրդական համակարգ, որն իր գոյությամբ խթանում է Հայաստանի հայաթափումը:

Արտագաղթի հիմնական պատճառները «Սարդարապատը», մասնավորապես, տեսնում է ՀՀ քաղաքացու, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների սահմանափակումը կամ արգելումը, ազատ ձեռներեցության, մրցակցության խոչընդոտումը, աշխատողների սոցիալական իրավունքների և պաշտպանվածության ոտնահարումը: