Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը հանդիպումներ կանցկացնի Վոլգա գետի վրա

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կանցկացնի Վոլգա գետի վրա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Աստրախան, որտեղ նախատեսվում է Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումը։

Պատվիրակության կազմում են ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը։

Աստրախանի օդանավակայանում ՀՀ նախագահի պատվիրակությանը կդիմավորեն Աստրախանի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինը, Աստրախանի քաղաքապետ Սերգեյ Բոժենովը և այլ պաշտոնյաներ։

Բացի նախագահների եռակողմ հանդիպումից, սպասվում է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ։

Նախատեսվում է շրջայց Վոլգա գետով՝ 1+2 ձևաչափով, որին մասնակցելու են նաև Էդվարդ Նալբանդյանն ու Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև հանդիպում ՌԴ նախագահի հետ՝  1+3 ձևաչափով, որին մասնակցելու են Էդվարդ Նալբանդյանը, Վիգեն Սարգսյանը, Օլեգ Եսայանը, իսկ ռուսական կողմից՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։

Սերժ Սարգսյանը Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հովվի, տեղի
իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայցելի նաև քաղաքի
կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկազամբյուղ կդնի
հուշարձան-խաչքարին: