Ի պատասխան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի նամակի` ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը կասեցրել է Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինարարության ապօրինի թույլտվությունը: Այս մասին ասված է Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2005թ. քաղաքապետարանը թույլատվություն է տվել «Լիբեր» ՍՊԸ-ին 12 հարկանի շենք կառուցել Կոմիտասի 5ա, 3, 7 եւ 7/1 շենքերի միջև, իսկ այնտեղ այսօր գոյություն ունեցող տրամվայ-տրոլեյբուսներին սպասարկող ենթակայանը, ըստ այդ թուլտվության, քանդվելու էր և նորից կառուցվելու արդեն Կոմիտասի 5ա շենքին գրեթե կպած:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը նշում է, որ նոր կառույցները կառուցվելու են ճարտարապետական, քաղաքաշինական, բնապահպանական և առողջապահական նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, ինչի մասին բազմիցս ահազանգել են նշված շենքերի բնակիչները պետական տարբեր ատյաններին:
«Նշված շենքերի բնակիչները ակտիվ պայքար են սկսել այս ապօրինության դեմ, որը ուղեկցվել է Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիայով օգոստոսի 26-ին, ինչպեսև բնակիչների անունից զանազան պատկան մարմիններին ուղղված նամակներով:
Բնակիչների և կառուցապատողի փաստարկներին մանրամասն ծանոթանալով` Լարիսա Ալավերդյանը պաշտոնական նամակներով դիմել է Երևանի քաղաքապետ Գ.Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար պրն. Վ. Վարդանյանին, ՀՀ առողջապահության նախարար պրն. Հ. Քուշկյանին, ՀՀ բնապահպանության նախարար պրն. Ա. Հարությունյանին` խնդրելով տրամադրել Երևանի քաղաքապետի 25.11.2005թ.` Կոմիտասի 5ա հասցեում «Լիբեր» ՍՊԸ-ին բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլատվություն տալու որոշման, այդ հասցեում ծրագրվող նոր շինությունների ճարտարապետա-հատակագծային առաջադրանքների, գլխավոր հատակագծերի, շին. թուլտվությունների, բնապահպանական, քաղաքաշինական, առողջապահական և գոյություն ունեցող այլ հատուկ փորձաքննությունների ակտերի և այդ շինությունների հետ կապված առկա մյուս բոլոր փաստաթղթերի պատճեները: Նա նաև խնդրել է պարզաբանել, թե ի՞նչ պատճառով է տարածքը «Լիբերին» տրվել առանց մրցույթի/աճուրդի՝ ուղիղ վաճառքի ձևով: Եվ ահա, ի պատասխան Լարիսա Ալավերդյանի նամակի ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը 15.10.2010թ.–ին 01/25.2/4120-10 թվագրված նամակով տեղեկացրել է, որ Կոմիտաս 5 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցմանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ համաձայնեցված նախագծով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման դեպքում կխախտվեն ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերի պահանջները` հարևան շինություններից պահանջվող նորմատիվային հեռավորությունները», – նշված է հաղորդագրության մեջ:
«Վերը նշվածի կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին` 2010թ. հուլիսի 28-ին տրված թիվ 01/50-15303-396 շինարարության թույլատվության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ` մինչև նախագծային լուծումները քաղաքաշինական նորմերին համապատասխանեցումը», – ասված է նախարարի նամակում:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը նշում է, որ շարունակելու է ուժերի ներածին չափով սատարել Կոմիտասի 5ա, 3, 7 և 7/1 շենքերի բնակիչների պայքարը և հետամուտ է լինելու պետական պատկան մարմինների կողմից խնդրի օրինական լուծման, այն է` Կոմիտասի 5 հասցեում նոր շենքերի կառուցումը կանխելու/արգելելու հարցում:
Նշենք, որ Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը 2001թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: