Home / Հայաստան / Օմբուդսմենը դիմել է ոստիկանապետին

Օմբուդսմենը դիմել է ոստիկանապետին

Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որում հայտնում են, որ hոկտեմբերի 26-ին քաղաքացի Լուսինե Աբրահամյանը այցելել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ և հայտնել, որ իր ամուսինը` Պողոս Պետրոսյանը, և քաղաքացիներ Ռոբերտ Հակոբյանը, Արմեն Մելքոնյանը և Հակոբ Գալստյանը գտնվում են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում, որտեղ ենթարկվել են ծեծի, խոշտանգումների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
 
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նշվածի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներն այցելեցին ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ուսումնասիրեցին ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանը և առանձնազրույց ունեցան քաղաքացիներ Պողոս Պետրոսյանի, Ռոբերտ Հակոբյանի, Արմեն Մելքոնյանի և Հակոբ Գալստյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում Պողոս Պետրոսյանը հայտնեց, որ ծեծի է ենթարկվել բաժնի աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով ստացել է գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), որը արձանագրվել և լուսանկարվել է ՄԻՊ ներկայացուցիչների կողմից:
 
«Ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Ռոբերտ Հակոբյանի և Արմեն Մելքոնյանի մասին մատյանում որևէ նշում առկա չէ: Ինչ վերաբերում է Պողոս Պետրոսյանին և Հակոբ Գալստյանին, ապա ոստիկանության մարմին բերման ենթարկվածների մատյանում նշված էր, որ նրանք բերման են ենթարկվել 26.10.2010թ. ժամը 00.15-ին և ազատ են արձակվել 26.10.2010թ. 02.30-ին, սակայն ՄԻՊ աշխատակիցների այցելության ժամանակ` 26.10.2010թ. ժամը 16-ից 18-ի սահմաններում նրանք դեռ ոստիկանության բաժնում էին»,- ասված է հաղոդրագրության մեջ:
 
ՄԻՊ պաշտպանը, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` առաջարկում է հանձնարարել ստուգելու գրությամբ նշված փաստերի իսկությունը, և այդպիսիք իրականությանը համապատասխանելու դեպքում, ձեռնարկել միջոցներ մեղավորներին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: