«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով` հոկտեմբերի 4-ին հրաժարական ներկայացրած Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Պողոսյանն իրականում պաշտոնանկ է արվել` հարբաց վիճակում ոստիկանների հետ վիճելու համար:
2008-ին դատավոր դարձած 35-ամյա Պողոսյանը հրաժարականից մի քանի օր առաջ ընկերոջ հետ Մարզահամերգային համալիրի դիմաց պպզած ծխելիս է եղել, և ոստիկանները, կասկածելով, որ երիտասարդների ծխածը սովորական ծխախոտ չէ, ցանկացել են նրանց տանել ոստիկանություն: Պողոսյանի մոտ դատավորի վկայական չի եղել, նա սկսել է վիճել ոստիկանների հետ, ինչը շարունակվել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնում:
Երբ հաստատվել է նրա ով լինելը, դեպքի մասին անմիջապես զեկուցվել է Սերժ Սարգսյանին: Սարգսյանը հրահանգել է Պողոսյանին պաշտոնանկ անել, սակայն դատավորն ինքն է ազատման դիմում ներկայացրել, և հարցը համարվել է փակված:
«ՀԺ» թղթակցի հետ զրույցում ՀՀ վճռաբեկ դատարանից հրաժարվել են այս պատմությունը պաշտոնապես մեկնաբանել: