Ամերիկայի Ֆլորիդա նահանգի 22-ամյա բնակչուհուն դատում են իր նորածին երեխային սպանելու մեղադրանքով: Մեղադրյալի խոսքով` երեխային սպանելու պահին նա շատ բարկացած է եղել, քանի որ երեխան խանգարում էր իրեն և չէր թողնում Facebook սոցիալական ցանցի «FarmVille» խաղը խաղալ:
Դատարանում Ալեքսանդրա Թոբիասը իրեն մեղավոր է ճանաչել որդու սպանության մեջ, ինչի համար նրան ցմահ բանտարկություն է սպառնում, գրում է The Florida Times Union թերթը:
Հետաքննության ընթացքում մարդասպանն ասել է, որ 2010 թվականի հունվարին իր երեք ամսական որդին, անդադար լացելով, խանգարում էր իրեն «մշակել իր բանջարանոցը» համակարգչային խաղում: Այդ ժամանակ նա գրկել է երեխային և սկսել է օրորել: Կինը շատ բարկացած է եղել երեխայի վրա: Մի փոքր հանգստանալու համար նա երեխային բազմոցին է դրել և սկսել է ծխել:
Թոբիասի խոսքով` մինչ նա ծխում էր, շունը երեխային ցած է գլորել բազմոցից: Ընկնելու հետևանքով` երեխան ուղեղի ցնցում է ստացել: Բժիշկ կանչելու փոխարեն կինը նորից գրկել է երեխային և սկսել է ուժեղ օրորել մինչ երեխան դադարել է շնչել, հաղորդում է NEWSru Israel-ը:
Ոստիկանությունը պարզել է նաև, որ երեխայի մահվան պատճառը «մեծ թափով օրորելն է» եղել, ընդ որում` այդ ընթացքում կինը երեխայի գլուխը համակարգչին է հարվածել: Իսկ դատաբժշկական քննությունը ցույց է տվել, որ կոտրված է եղել նաև երեխայի ոտքը:
Նշենք, որ մեղադրյալը խնդրել է արագացնել դատավարությունը, որպեսզի ավելորդ անգամ չանհանգստացնի հարազատներին:
Ալեքսանդրա Թոբիասի դատավճիռը հայտնի կդառնա դեկտեմբերին: