Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Հայաստանում նպատակ ունի նպաստել հանդուրժողականության տարածմանը, թույլ տալ ծանոթանալ այլ մշակույթին և տեղ տալ բազմակարծությանը: Այս մասին Epress.am-ին հայտնել է ԱՄՆ Դեսպանատան խոսնակ Քերըն Ռոբլին` մեկնաբանելով նոյեմբերի սկզբին Հայաստանում անցկացվելիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ բարձրացած աղմուկը:
«Սրանք ցանկացած ժողովրդավարական երկրի համար շատ կարևոր արժեքներ են: Կարծում ենք, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելը հիանալի մտահղացում էր, և այդ իսկ պատճառով որոշել ենք աջակցել դրա իրականացմանը և այժմ էլ աջակցում ենք», – ասել է Ք.Ռոբլին:
Հիշեցնենք, որ փառատոնը կազմակերպվում է «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Փառատոնի մասին ազդը տեղադրվել էր Facebook հասարակական ցանցում, որը լուրջ բանավեճերի առիթ էր տվել: Որոշ օգտատերեր անգամ սպառնալիքներ էին հնչեցնում կազմակերպիչների հասցեին` անվանելով նրանց դավաճաններ:
Epress.am-ի հարցին, թե արդյոք բողոքների այս ալիքի հետևանքով փառատոնի անցկացումը կարող է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել, ԱՄՆ դեսպանատան խոսնակը նշեց, որ իրենք հույս ունեն, որ դա տեղի չի ունենա:
«Հուսով ենք, որ նախագիծը կրիրականացվի այնպես, ինչպես ծրագրվում էր», – հայտնել է Ռոբլին: