Home / Հայաստան / Կոալիցիան ձախողեց քննարկումը և հայտնեց, թե երբ կգնա ԼՂՀ ճանաչմանը

Կոալիցիան ձախողեց քննարկումը և հայտնեց, թե երբ կգնա ԼՂՀ ճանաչմանը

Հայաստանի խորհրդարանական կոալիցիայի անդամ «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները համոզված են, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: Այդ մասին ասված է նշված խմբակցությունների ղեկավարների` Գալուստ Սահակյանի, Գագիկ Ծառուկյանի, Հեղինե Բիշարյանի ստորագրած հայտարարության մեջ: Փաստաթուղթը տարածվել է «Ժառանգություն» կուսակցության առաջարկած` Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի քննարկման հետաձգման որոշման ժամանակ:

«Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից  ԼՂՀ միակողմանի  ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի  որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան», – նշված է հայտարարության մեջ:

ԼՂՀ ճանաչմանը կոալիցիան կգնա, եթե «բանակցային գործընթացը ձախողվի` վտանգելով Արցախի ժողովրդի անվտանգությունը»:

Այս պահին իշխող քաղաքական կոալիցիան հայտարարում է, որ չի մասնակցելու  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը: