Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` Աստրախանում կայացած հանդիպումով հերթական անգամ փորձ արվեց նվազեցնել Ղարաբաղի դերակատարությունը հակամարտության մեջ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով, մասնավորապես, ռազմագերիներին և զոհվածների դիերը փոխանակելու վերաբերյալ պայմանավորվածությունը:
«Չայլուի դիվերսիոն հարձակումից հետո Ադրբեջանը երկու ամիս շարունակ փորձում էր ստանալ դիվերսանտի դին, անգամ միջնորդավորված դիմել էին կաթողիկոսին, սակայն Ղարաբաղի իշխանությունները հայտարարել էին, որ նման հարցերն իրավասու են լուծել միայն Ղարաբաղի իշխանությունները: Սակայն արդեն Հայաստանն է ստանձնում փոխանակման պատրաստակամություն»,- ասել է Կարապետյանը:
Խոսելով հանդիպման տեսանելի երևույթների մասին` ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ այս հանդիպումով Ադրբեջանը հասավ իր առջև դրված բոլոր նպատակներին` բացեց իր առաջնորդի հուշարձանն Աստրախանում` այդ միջոցառմանն ապահովելով նաև ՌԴ նախագահի մասնակցությունը և Սերժ Սարգսյանի ներկայությունն Աստրախանում, ինչպես նաև «ապահովեց իրենց մոտ հերոս դարձած դիվերսանտի դին ստանալու հնարավորություն»: