«Ադրբեջանահայ համայնքը` լինելով ադրբեջանական ԽՍՀՄ հայկական ժառանգության իրավահաջորդը, մոտակա ժամանակներս մտադիր է դիմել ԼՂ-ին խնդրանքով` փոխանցել մեզ յոթ ազատագրված շրջանները` Լաչին մայրաքաղաքով, անկախ և ինքնիշխան Ադրբեջանահայության Հանարապետություն հիմնելու նպատակով, ու անցկացնել այնտեղ ազատ և ժողովրդավարական նախագահական և խորհրդարանական ընտրություններ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` չբացառելով, որ ապագայում նորանկախ հանրապետությունը հանրաքվեի միջոցով կմիանա ԼՂ-ին կամ ՀՀ-ին:
«Այսօր այստեղ մենք ազդարարում ենք Հարավային Կովկասում, տարածաշրջանում անկախ հանրապետության ստեղծման անկասելի սկիզբը», – ասել է Այվազյանը:
Նրա խոսքով` իրենք չեն խնդրում ինչ-որ բան նվիրել, այլ խնդրում են իրենց փոխանցել այն, ինչն իրենցն է օրենքով:
Այվազյանը տեղեկացրել է, որ արդեն հաստատվել են նորաստեղծ հանրապետության զինանշանի և դրոշի նմուշները.
«Ադրբեջանահայ վտարանդի համայնքը չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ադբեջանում նոյեմբերի յոթին կայանալիք ընտրությունների օրինականությունը: Առանց մեկ միլիոնանոց ադրբեջանահայ համայնքի մասնակցության այս ընտրություններն Ադրբեջանում, ինչպես 1990 թվականից ի վեր, անվավեր են և ապօրինի»: