ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարևոր է համարում երեկ Աստրախանում կայացած ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը` հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում պաշտոնական Բաքվի հնչեցրած ծայրահեղ ռազմատենչ հռետորիկան և բանակցություններից ընդամենը մեկ օր առաջ տեղի ունեցած հերթական դիվերսիան:
Սակայն, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ-ական գործիչը, ինքը «ծայրահեղ լավատես չէ». «Ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամներ բանակցությունների սեղանից հետո, կոնկրետ նույն Պետերբուրգում, փախչելով բանակցություններից, դիվերսիաներ է կազմակերպել, կամ, բանակցությունների սեղանին քաղաքակիրթ ՄԳԻՄՈ-ի շրջանավարտի տեսք ընդունելով, վերադառնալով Բաքու` ընդունել է միջնադարյան սուլթանի քաղաքականությունը»:
Շարմազանովը կարևորեց Մեդվեդևի խոսքերն այն մասին, որ մինչև Աստանայում կայանալիք գագաթաժողովը հիմնարար սկզբունքները կարող են համաձայնեցվել: Սակայն նա երկու դժվարություն է տեսնում.
«Առաջինը կապված է Ադրբեջանի հետ, որը պետք է ապացուցի, որ պատրաստ է այդ հիմնարար սկզբունքների շուրջ աշխատել, ոչ թե միայն խոսել տարածքային ամբողջականությունից: Երկրորդը` պետք է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը, առանց որի հնարավոր չէ որևէ հիմնարար սկզբունքի հասնել»: