Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գրասենյակի դիմաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպած բողոքի ակցիային մասնակցում էին ուսանողներ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանից և Գյումրիի մանկավարժական համալսարանից, թեև օրաթերթի խնդրո առարկա դարձած հրապարակումն այն մասին էր, որ ԲՀԿ-ն Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանողներին 5000-ական դրամ է խոստանում հոկտեմբերի 30-ին Սպիտակում կայանալիք ԲՀԿ միջոցառմանը մասնակցելու համար:
Որպես ԵՊՀՃ-ի ուսանող ներկայացած մի երիտասարդի «ՀԺ»-ի լրագրողը հարց է ուղղել, թե եթե ինքը Վանաձորի մանկավարժականից չէ, ի՞նչ գիտի, որ այնտեղի ուսանողներին գումար չի բաժանվել, ուսանողը պատասխանել է` «չգիտեմ», այնուհետև ավելացրել է. «Ուսխորհուրդը ասեց պըտի գաք, եկանք»:
Օրաթերթի փոխանցմամբ բողոքի ակցիան երեկ հեռուստացույցով դիտած ընթերցողները հայտնել են, որ ցույցի մասնակիցների մեջ ճանաչել են Գոռ Վարդանյանի «տղաներին»:
Ցույցի մասնակիցների «ըմբոստության», նրանց առաջնորդողների ինտելեկտի և ԲՀԿ առաջնորդի ազնվության մասին «ՀԺ»-ն խոստացել է գրել հաջորդ համարներում: