Home / Армения / Արման Դանիելյանը` ՄԱԿ-ի ենթակոմիտեի անդամ

Արման Դանիելյանը` ՄԱԿ-ի ենթակոմիտեի անդամ

Հոկտեմբերի 28-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Ժնևի գրասենյակում տեղի են ունեցել Խոշտանգումների, դաժան և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրությունները:
   
Ենթակոմիտեում թափուր քսան տեղի համար փորձագետների թեկնածություններ էին ներկայացրել Խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության անդամ երեսունմեկ պետություն: Ենթակոմիտեում Հայաստանը ներկայացրել էր քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության նախագահ, խոշտանգումների կանխարգելման ազգային խորհրդի անդամ Արման Դանիելյանի թեկնածությունը:

Ընտրությունների արդյունքում Արման Դանիելյանը ընտրվեց ենթակոմիտեի անդամ` չորս տարի ժամկետով:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն Խոշտանգումների, դաժան և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ նախատեսված ՄԱԿ-ի կարեւորագույն մեխանիզմներից է, որի նպատակն է կանխել խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը անդամ պետություններում ազատազրկման մեջ գտնվող անձանց պահման վայրեր պարբերական այցելություններ կատարելու միջոցով: