Հայաստանի արտգործնախարարությունը «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչներին չի հրավիրել մեկ բաժակ սուրճի կամ թեյի սեղանի շուրջ քննարկելու հայ-թուրքական սահմանի բացման հարցը, բայց մինչև շաբաթ առավոտ դեռ ժամանակ կա:
«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչն այսօր ասուլիսին հայկական ԶԼՄ-ների միջոցով իր կոչն է ուղղել Հայաստանի արտգործնախարարությանը, որպեսզի նրանք չմերժեն արդեն երրորդ անգամ Հայաստան ժամանած թուրքական քաղաքական գործիչներին:
«Մեր նախաձեռնությունը հասարակական ջանք է, այստեղ մեզ ոչ Թուրքիայի իշխանությունն է ուղարկել, ոչ էլ Հայաստանի իշխանությունն է հրավիրել, առավել ևս` որևէ միջազգային կառույց չի ուղղորդել մեզ»,- հայտարարել է Թունա Բեքլևիչը:
Նրա խոսքով` իրենք պատրաստել են 31 հոդվածներից բաղկացած ծրագիր` հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ:
«Մենք այստեղ ցանկանում ենք քննարկել այս պլանը, և բոլոր առաջարկներն ու մտահոգությունները, որ կլինեն, տանենք, ներկայացնենք Թուրքիայի իշխանություններին»,- ասել է «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահը:
Epress.am-ի հարցին, թե արդյոք իրենք դժգոհ են Հայաստանի և Թուրքիայի միջև ֆուտբոլային դիվանագիտությամբ սկիզբ դրված բանակցությունների ընթացքից և չեն ակնկալում սահմանների բացում, Բեքլևիչը պատասխանել է, որ բանակցությունների նման ընթացքից դժգոհ լինելն է իրենց ստիպել հանդես գալ նոր նախաձեռնությամբ:
Միևնույն ժամանակ, «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահը հայտարարել է, որ դրական է գնահատում Ֆուտբոլային դիվանագիտությունը.
«Մենք չենք ասում, որ երկու պետությունների իշխանությունները ոչինչ չեն անում, բայց մենք ցանկանում ենք մեր ջանքերով արագացնել գործընթացը»,- ասել է բանախոսը: