Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրական խնդիրների կարգավորմամբ զբաղվող մարմինը մերժել է Ուկրաինայի խնդրանքը, համաձայն որի այդ երկիրն առաջարկել էր հատուկ խումբ ստեղծել` Հայաստանի հետ առևտրային վեճն ուսումնասիրելու համար: Երևանը ժամանակ է վերցրել լրացուցիչ խորհրդակցություններ իրականացնելու նպատակով, գրում է ռուսաստանյան օրաթերթը Коммерсант-ը:
Ուկրաինան Հայաստանին մեղադրել էր ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ներմուծման համար ոչ բարենպաստ համակարգ ստեղծելու մեջ, ինչի հետևանքով հուլիսի 20-ին խորհրդատվության նպատակով դիմել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Ուկրաինայի վրդովմունքը կապված է ծխատոտի վրա գործող ակցիզային հարկերի հետ, որոնք տարբեր են`կախված ներմուծված և հայկական լինելու փաստից: Հայաստանը նաև ավելի բարձր ակցիզային հարկեր է սահմանում ներմուծված ալկոհոլային խմիչքների համար, այդ թվում` գարեջրի վրա:
Առաջացած խնդրի վերաբերյալ Հայաստանի և Ուկրաինային միջև բանակցություններ են սկսվել, որոնց առաջին` խորհրդատվական փուլին հայկական կողմը չի մասնակցել: Հենց այս պատճառով էլ Ուկրաինան սեպտեմբերի 16-ին դիմել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը` խնդրելով հատուկ խումբ ստեղծել, որն էլ կզբաղվի հարցի կարգավորմամբ: Այս խնդրանքի մասին հայտնի դառնալուց հետո Հայաստանը համաձայնվել է խորհրդակցել և փոխզիջումային տարբերակ է առաջարկել, այն է`փոխել ընդունած կարգը մինչ անցումային ժամկետի ավարտը: Երկու երկրների ներկայացուցիչների ոչ պաշտոնական առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին:
Հայաստանի առաջարկած տարբերակը կայանում է ծխախոտի վրա գործող ակցիզային հարկի աստիճանաբար հավասարեցման մեջ, ինչը տեղի է ունենալու մինչ 2014 թվականը: Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքների վրա գործող հարկին, ապա Հայաստանը 2011 թվականից պատրաստ է հավասարեցնել հարկերը միայն օղու համար: Այս նորմերը ամրագրված են «Ակցիզային հարկի մասին» օրենքում տեղ գտած փոփոխություններում, որը ՀՀ խորհրդարանը ընդունել է հոկտեմբերին, սակայն ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել:
«Մեզ ձեռնտու չէ, որ ակցիզային հարկը չի հավասարեցվում բոլոր ապրանքների համար: Ինչ վերաբերվում է անցումային շրջանին, ապա դեռ պետք է հասկանանք, որքանով է այն շահավետ մեր արտադրողների համար», – ասել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Վալերի Պյատնիցկին Коммерсант-ի հետ զրույցում:
Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրական խնդիրների կարգավորմամբ զբաղվող մարմինը հոկտեմբերի 25-ին քննարկել է Ուկրաինայի` խնդրի լուծման համար հատուկ խումբ ձևավորելու վերաբերյալ առաջարկը: Սակայն խումբը չի ձևավորվել, քանի որ Հայաստանը օգտվել է նիստը մեկ ամիս հետաձգելու իր իրավունքից, որի ընթացքում նոր խորհրդավությունների ժամանակ է ստանում, հայտարարել է Պյատնիցկին:
Եթե Ուկրաինան երկրորդ անգամ նույն առաջարկով դիմի կազմակերպությանը, ապա խումբը կստեղծվի` անկախ Հայաստանի համաձայնությունից: Վալերի Պյատնիցկու խոսքով` խնդրի կարգավորումը կարող է մեկ տարի ձգվել: «Բայց լիովին հավանական է, որ խմբի աշխատանքների ընթացքում կարողանանք այնպիսի համաձայնության գալ, որը կբացառի մի շարք խնդիրների քննարկումը հետագա բանակցային փուլում», – ասել է նախարարը:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանատնից ռուսաստանյան օրաթերթին հաղորդել են, որ տեղյակ են ակզիզային հարկի հետ կապված Ուկրաինայի բարձրացրած խնդրին, բայց որևէ մեկնաբանություն չեն արել դրա վերաբերյալ: Ուկրաինայում Հայաստանի դեսպանը` Անդրանիկ Մանուկյանը, այժմ Երևանում է և մտադիր է քննարկել այս հարցը Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: Մեկ շաբաթ անց, հնարավոր է, պարզ դառնա Հայաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: