Սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ անկախության օրը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Ստեփանակերտ, հանդիպել երկրի նախագահին և այլ պետական այրերի:
«Ես խիստ վտանգավոր, կասկածելի և ցավագին եմ ընդունում, որ Արցախում նույնիսկ պաշտոնական շրջանակը կարող է իրեն թույլ տալ ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի դիմել Հայաստանին ճանաչման խնդրանքով, «իրեն ով է խնդրել»», – Ղարաբաղի պետական այրերի խոսքերն է մեջբերել ԼՂՀ անկախության վերաբերյալ օրինագիծը ԱԺ ներկայացրած «Ժառանգության» առաջնորդը:
Նրա կարծիքով` սա պատասխանատվությունից խուսափել է նշանակում, ինչ առաջ է բերում մեկ այլ հարթության խոսակցություն:
«Ես պատրաստ չեմ ամբողջովին շարադրել իմ տեսակետն այս հարցում, բայց որպես ուրվագիծ կարող եմ ասել հետևյալը. այո, Արցախի Հանրապետությունը մնացել է ստվերի մեջ, կրավորական վիճակում», – ասել է Հովհաննիսյանը: