ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության փոխգնդապետ Պյոտր Իլյուշկինը վրացական ԶԼՄ-երի միջոցով խնդրել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին օգնել իրեն` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուշադրությունն իր բնակարանային խնդրի վրա սևեռելու համար, հաղորդում է Georgia Online-ը:
Պարբերականի կայքում տեղադրված ուղերձում Ստավրոպոլում բնակվող ռուսաստանցին նշում է, որ ղեկավարությունը խախտել է դատարանի որոշումը, համաձայն որի` իրեն և իր ընտանիքին բնակարան պիտի տրամադրեին: Իլյուշկինի խոսքով` կնոջ և հաշմանդամ երեխայի հետ նրանք, փաստորեն, փողոցում են մնացել:
Փոխգնդապետը խնդրել է Սահակաշվիլիին իր բաց նամակն ուղարել ՌԴ նախագահին: Իլյուշկինը Մեդվեդևին և Պուտինին կոչ է անում կատարել նախորդ տարի տված խոստումը, ըստ որի` մինչև 2010 թվականի ավարտը բոլոր զինծառայողներին ապահովելու են բնակարանով:
Պատասխանելով այն հարցին` թե ինչու է նա դիմել Սահակաշվիլիին, Իլյուշկինը ասել է, թե Վրաստանի առաջնորդն «ամենաազնիվ մարդն է ողջ հետխորհրդային տարածքում, ով իրեն թույլ է տալիս միայն ճշմարտությունն ասել` ի տարբերություն այլ առաջնորդների»:
Ավելի վաղ Իլյուշկինը դիմել էր նաև ՌԴ բարձաստիճան պաշտոնյաներին, բայց անարդյունք: