ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Դիջիթեք 2010» 6-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։
Տիգրան Սարգսյանը կարևորել է համաժողովի անցկացումը` նշելով, որ այն հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ցուցադրել իրենց նոր արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում գրանցած առաջընթացն ու հաջողությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հատկանշական է, որ ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանի կառավարությունը, որն իր տաղավարում ներկայացրել է էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքի ծառայությունները։ Վարչապետին մասնավորապես ներկայացվել է, թե ինչպես են աշխատում լիցենզիաների ընդունման, հարկային հաշվետվությունների ներկայացման, էլեկտրոնային ստորագրություն ստանալու համակարգերը։
Ցուցահանդեսին, որին մասնակցում են 68 տեղական և միջազգային կազմակերպություններ, ներկայացվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ և համակարգեր, որոնք ապահովում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում առօրյա կյանքում և բիզնեսում։