Ցանկացած ակցիա, պիկետ, նամակ իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացի վրա: Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է քաղբանտարկյալների կոմիտեի նախաձեռնող անդամ Մելիսա Բրաունը, ով նախկին քաղբանտարկյալ, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի կինն է:
Բրաունի խոսքով` Հայաստան ժամանող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հանդիպում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, անպայման բարձրացնում են քաղբանտարկյալների հարցը:
«Այն բոլոր միջազգային ֆորումները, որոնք անցկացվում են Հայաստանում, իրենց ազդեցությունն են ունենում քաղբանտարկյլաների ազատ արձակման վրա»,- ասել է Մելիսա Բրաունը:
Բրաունի խոսքով` ինքը շատ է ցանկանում բոլոր քաղբանտարկյալներին ազատության մեջ տեսնել, բայց մոտ ապագայում նման բան չի ակնկալում:
«Աշոտի ազատ արձակմանը (հիշեցնենք, որ երեկ Վանաձորի ՔԿՀ-ից ազատ էր արձակվել քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը) հավատացի, երբ նա արդեն տանն էր: Իմ անձնական փորձից եմ ասում, երբ ամուսինս բանտարկված էր, անընդհատ լուրեր էին պտտվում, թե հեսա տղերքին բաց կթողնեն, բայց ամուսինս 1,5 տարի նստեց»,- ասել է Մելիսա Բրաունը:
Նա համոզված է, որ անհրաժեշտ է շարունակել ակտիվ պայքարը, որպեսզի բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: