Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է YouTube-ում տեղադրված տեսանյութին, որում ԱՄՆ փոխնախագահ Բայդենն ասում է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է չճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Հայտարարության մեջ ասված է.
«Փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009 թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար և հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար:
Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին:
Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջև խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:
Հիշեցնենք, որ որ հոկտեմբերի 26-ին YouTube-ում տեղադրված տեսանյութում` http://www.youtube.com/watch?v=C-vVX2B1H3k , ԱՄՆ փոխնախագահը զրուցում է հայկական համայնքի ներկայացուցիչ մի երիտասարդի հետ և վերջինիս փոխանցում է Հայաստանի նախագահի խնդրանքը չթեժացնել այս խնդիրը, քանի դեռ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում:
ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը հերքել էր այդ տեղեկատվությունը` նշելով, որ Սերժ Սարգսյանը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին և նման բան չի ասել:
«Ջո Բայդենի նախաձեռնությամբ 2009թ. կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը` բոլոր հանրային ելույթներում և պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով: Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները` ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը», – ասել էր Արմեն Արզումանյանը: